Նիգերիան ՄԱԿ ԱԽ-ին խնդրել է «Բոկո Հարամը» ներառել «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ու դրա դեմ պատժամիջոցներ սահմանել: Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով նախատեսվում են «Բոկո Հարամի» հետ կապված իրավաբանական ու ֆիզիկական անձանց ակտիվների սառեցում, արտասահմանյան ուղևորություններիք, ինչպես նաև խմբավորմանը զենք մատակարարելու արգելք՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Նիգերիայի մշտական ներկայացուցիչ Ջոյ Օգուն:
«Մենք արդեն տրամադրել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «Բոկո Հարամի» գրոհայինների գործողություններին ոչ մի արդարացում չկա:
2013թ. նոյեմբերին Միացյալ Նահանգները «Բոկո Հարամը» ներառեց ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում:
«Բոկո Հարամի» ծայրահեղականները արդեն փաստացի մի քանի տարի պատերազմ են մղում Նիգերիայի կառավարության դեմ՝ իրենց գործողությունների համար որպես թիրախ ընտրելով նաև խաղաղ բնակչությանը: