ԵՄ-ն ապրում է խորը ճգնաժամ և կառուցվածքային բարեփոխումների կարիք ունի՝ շարունակելու համար իր զարգացումն ու երաշխավորելու եվրոպական քաղաքակրթության պահպանումը: Այս մասին ասվում է Նիկոլա Սարկոզիի մեկնաբանությունում, որը հրապարակվել է Le Point շաբաթաթերթում:
Սարկոզին 2012-ին Ֆրանսիայի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո երկար ժամանակ զերծ է մնացել հրապարակային հայտարարություններից, սակայն Եվրախորհրդարանի ընտրություններից 3 օր առաջ որոշել է խախտել լռությունը:
Նրա կարծիքով՝ եվրոպական կոնստրուկցիայի բարեփոխման հիմնաքարը կարող է դառնալ միասնական ֆրանկո-գերմանական տնտեսական գոտին, ինչպես նաև սահմանային ռեժիմի մասին նոր պայմանագիրը, որը պետք է փոխարինի գործող Շենգենյան համաձայնագրին:
Սարկոզին կարծում է, որ ԵՄ-ում պետք է վերջ տալ պրակտիկային, որի դեպքում օտարերկրացիներին բավական է շենգենյան տարածքի երկրներից ցանկացածում հայտնվել ու բնակության համար ցանկացած պետություն ընտրել՝ ելնելով սոցիալական նպաստների շռայլությունից:
«Մենք հանդես չենք եկել միասնական Եվրոպայի օգտին, որպեսզի այստեղ սոցիալական և միգրացիոն դեմպինգ կազմակերպվի»,- ընդգծել է նա:
Ֆրանսիայի նախկին նախագահը կարծում է, որ Փարիզն ու Բեռլինը պետք է հավասարակշռություն հաստատեն իրենց հարաբերություններում: «Եթե Եվրամիության երկու խոշորագույն տնտեսական տերություններն ընտրություն կատարեն տնտեսական և հարկային միասնության օգտին, եվրոգոտին դրանից կուժեղանա, ինչը կայունություն կապահովի մեր մայրցամաքում»,- ասել է Սարկոզին:









































