Իրանի քաղաքներում մեծ տարածում են ստանում ապահարզանի առիթով կազմակերպված երեկույթները: Վիճակագրության համաձայն՝ այդ երկրում գնալով ավելի շատ ամուսնություններ ավարտվում են ապահարզանով, հաղորդում է BBC-ն:
Նման երեկույթները զուրկ են էքստրավագանտությունից. սև վարդի փնջեր, մեծ տորթեր, հատուկ հրավիրատոմս-բացիկներ:
«Սկզբում գնում եք ֆլորիստի հետ՝ սև վարդերի փունջ պատվիրելու, հետո գալիս եք մեզ մոտ՝ հրավիրատոմսերի համար»,- պատմել է խանութի սեփականատերերից մեկը «Ջումհուրիե Իսլամի» թերթին:
«Ես ընդհանրապես քեզ չեմ կարոտում»,- գրված է բացիկներից մեկի վրա. այդ արտահայտությունը մեջբերում է իրանական հայտնի փոփ-հիթից: «Երդվում եմ՝ էլ չեմ սիրահարվի, անգամ եթե սիրահարվեմ՝ ոչ քեզ»,- գրված է մեկ այլ մեջբերման մեջ:
Խանութի տերը, որը նման բացիկներ է վաճաոում, պատմում է, որ դրանց պահանջարկը մեծացել է վերջին երկու տարիների ընթացքում:
BBC –ի տվյալներով՝ անցյալ տարի Իրանում ապահարզանների թիվն աճել է 4.6 տոկոսով, այն դեպքում, երբ գրանցվող ամուսնությունների թիվը նվազել է 4.4 տոկոսով: Իրանում ամուսնությունների 20 տոկոսն ավարտվում է ապահարզանով:








































