2013-ի հունվարի վերջին Հայաստանի Պատմության թանգարանում կբացվի «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսը: Հուշարձանների մի մասը վնասված է, կոտրված, հողի մեջ թաղված: Այս պահին Հայաստանի մարզերից Երևան են տեղափոխվել 51 պատմաճարտարապետական կոթող: Հայաստանի Պատմության թանգարանի կողմից ներկայացված 110 հուշարձաններից մշակույթի նախարարությունը հաստատել է 63-ը:
Արդեն իսկ այս ծրագիրը քննադատության է արժանացել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի և բնապահպան ակտիվիստների կողմից: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը այն կարծիքին է, որ հուշարձանն իր ծննդավայրում պետք է մնա: Նա այն կարծիքն է հայտնել, որ սա հերթական ավերն է հայրենի մշակութային ժառանգության հանդեպ:
«Բնատաճար» ակումբի նախագահ Ապրես Զոհրաբյանն այն կարծիքին է, որ թանգարանը ունի իր թանգարանային շահերը, բայց պետք է նայել ընդհանուր պատմության, մշակույթի շահերի տեսանկյունից: Նախ` ինչո՞ւ են 110 հուշարձան ներկայացվել, գնացել-ուսումնասիրե՞լ են. «Իմ ասածն այն է, որ այն միտումը, թե պետք է ամեն ինչ կենտրոնացնել Երևանում, սխալ է, պետք է մարզերում ստեղծել ենթակառուցվածքներ` այդ ամենը այնտեղ ներկայացնելու, նոր շունչ հաղորդելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ մարզերում կան երկրագիտական թանգարաններ, որոնք ներկայանալի վիճակում չեն, և դրանք պետք է զարգացնել: Այլապես, նրա խոսքով, տուրիստը կգա` Երևանում կպտտվի, կվճարի, կնայի ու կգնա:
Խորհրդային Միության ժամանակ ընդհանուր տուրիստական փաթեթի մեջ ընդգրկված էր նաև Հայաստանը, տուրիստը գալիս էր այստեղ, մի քանի օր մնում, գնում իր երկիր: Այդ ժամանակ տրամաբանական էր, որ եթե մի քանի օր պետք է մնա, ժամանակ չկար մարզեր գնալու, բայց հիմա տուրիստական փաթեթները ամենաքիչը 7-10 օր են, և Ապրես Զոհրաբյանի խոսքով` տուրիստը ժամանակ ունի գնալու մարզեր: Այլապես` խաչքարի հարցը այսպես լուծելու դեպքում, եկեք Հայաստանում գոյություն ունեցող 30.000 խաչքարը բերենք այստեղ:
Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի խոսքով՝ իրենց չպետք է դարձնել հանցագործ և չպետք է հայտարարել մի բան, որի պատասխանատվությունն ինքը չի կարող կրել, և չհամարել այս ակցիան անարգանք հուշարձանների նկատմամբ: Անարգանքը, ըստ նրա, Քրիստոսի պատկերով բացառիկ նմուշն է, որը բեկորի բաժանված, վեր ընկած է անտառի մեջ:
Հարցին՝ վիրավորվե՞լ է Սամվել Կարապետյանից, պատասխանեց՝ ինչո՞ւ պետք է վիրավորվի մեկից, ով իրազեկ չէ և բամբասանքի կարգով հայտարարություն է անում. ես հարգում եմ իր աշխատանքը: Ըստ նրա՝ պետք չէ միշտ ողբալ, ավելի լավ է` մի հուշարձանի փրկության կոչ հայտարարել:
Հուշարձանները կմնան մինչև 2016 թվականը: Իսկ սա, Անելկա Գրիգորյանի խոսքերով, բավական երկար ժամանակ է, որ իշխանությունները սարքեն այն վայրերը, որտեղ կտեղադրվեն այդ հուշարձանները:
«30-ականներին Նորադուսի բացառիկ խաչքարը այստեղ բերվեց, եթե բերված չլիներ, կարժանանար Նորադուսի բոլոր խաչքարերի ճակատագրին: Հուշարձանը փրկելու համար թանգարան տանելը ամենաքաղաքակիրթ ձևն է»,- ասաց նա:
Նա դիմեց բնապահպաններին՝ ասելով. «Բնապահպան, եթե գնում ես ու անտառում վեց-յոթ հուշարձանի բեկոր տեսնում, ինչո՞ւ որևէ անգամ չես բարձրաձայնում այդ մասին, իսկ երբ բերում են, որ սարքեն` բողոքում եք: Լավ կլինի` բնապահպանները իրենց տեսողությունից բողոքեն»,- ասաց Անելկա Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ այս ծրագրի իրականացման համար կառավարությունը որևէ գումար չի հատկացրել, այն իրականացվել է բացառապես Հայաստանի Պատմության թանգարանի արտաբյուջետային միջոցներով:










































