ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է Հարավային Սուդանում խոլերայի արագ տարածման մասին: Կազմակերպության տվյալներով՝ հիվանդացության դեպքերը (բռնկման մասին մայիսի 16-ին պաշտոնապես հայտարարվել է երկրի մայրաքաղաք Ջուբայում) գրանցվել են ևս երկու նահանգում՝ Վերին Նեղոսում և Ջոնգլիում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Իրավիճակը Հարավային Սուդանում, որտեղ մոտ մեկ միլիոն մարդ լքել է իր տւնը էթնիկ հակամարտության հետևանքով, խորանում է սկսված անձրևային սեզոնի և ներքին տեղահանվածների կուտակման վայրերում սանիտարական վատ պայմանների պատճառով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցած շաբաթվա վերջից հիվանդների թիվն օրական ավելանում է երկու անգամ: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել է, որ խոլերայի բռնկումից Ջուբայում 9 մարդ է մահացել, ևս 138-ը վարակվել են: Դեռևս մեկ շաբաթ առաջ կասկածելի դեպքերի թիվը չի գերազանցել երկու տասնյակը:









































