Մայիսի 24-27-ը լոնդոնյան մետրոյի աշխատողները հավանաբար կանեն հերթական գործադուլը՝ հայտնում է մայրաքաղաքի LBC ռադիոկայանը՝ հղում անելով արհմիության ղեկավարներին:
«Արհմիությունը հայտարարել է, որ առաջիկա հանգստյան օրերին լոնդոնյան մետրոն ամբողջությամբ փակելու իրական հեռանկար կա, քանի որ գործադուլի են պատրաստվում մետրոյի էներգամատակարարման համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները: Ստորաբաժանումն ունի մոտ 40 տեխնիկական մասնագետ, որոնց մեծ մասն արհմիության անդամ է: Նրանք պատասխանատու են մետրոյի բոլոր 270 կայարանների էներգամատակարարման համար»,- երկուշաբթի օրը հայտնում է ռադիոն:
Մետրոյի աշխատողները մտադիր են բողոքել կենսաթոշակային ապահովման պայմանների և աշխատավարձի դեմ: Ներկայում մետրոյի ղեկավարության և արհմիության բանակցությունները շարունակվում են: Եթե նրանք համաձայնության չգան, մետրոն աշխատանքը կդադարեցնի մայիսի 24-ին՝ ժամը 00.01-ից մինչև մայիսի 27-ը՝ ժամը 08.00-ը:












































