Բրազիլիայում ծխելու դեմ պայքարի կոշտ միջոցները 1989-2010թթ. հանգեցրել են ծխողների թվի 46%-ով կրճատման ու կանխարգելել են 420 հազար մարդու վաղաժամ մահը: Այս մասին են փաստում PLoS Medicine ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները:
1990թ. Բրազիլիան հարկ սահմանեց ծխախոտների վրա, իսկ 1996-ից պարտադիր կարգով սահմանեց ծխախոտային տուփերի վրա գրաֆիկական նախազգուշացումներ ծխախոտի վնասի մասին ու սկսեց սամանափակել ծխելու համար նախատեսված վայրերը:
Ծխախոտի գները, հաշվի առնելով 2010թ. ինֆլյացիան, աճել են 2.3 անգամ՝ համեմատած 1989-ի հետ, իսկ ծխողների մասնաբաժինը բնակչության շրջանում նվազել է 34.8%-ից մինչև 18.5%:
Դևիդ Լևին՝ Ջորջթաունի համալսարանից, և նրա գործընկերները՝ Ռիո դե Ժանեյրոյի Քաղցկեղի ազգային ինստիտուտից, գնահատել են ծխելու դեմ պայքարի հատուկ միջոցառումների ավանդը, ինչպես նաև այն վաղաժամ մահվան դեպքերի կրճատումը, որոնցից հնարավոր է եղել խոսափել:
«Մեր հաշվարկների համաձայն՝ 1998-2010թթ. հաջողվել է խուսափել 420 հազար վաղաժամ մահերից, իսկ 2050թ. միայն այդ միջոցառումների պահպանումը կմեծացնի այդ ցուցանիշը՝ հասցնելով մինչև 7 միլիոնի»,- գրում են հոդվածի հեղինակները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ծխախոտի տուփերին հայտնվել են սարսափելի նկարներ:










































