Հյուսիսային Կարոլինայի Ռոանոկ Ռեպիդս քաղաքի իշխանությունները համոզել են ընտրելու իրավունք ունեցող հոգեկան հիվանդներին վաղաժամ քվեարկել գործող նախագահ Բարաք Օբամայի օգտին: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Ինչպես երկուշաբթի հեռուստաալիքին պատմել է քվեարկողներից մեկի հայրը, իր դստերը և սահմանափակ մտավոր ունակություններ ունեցող ինտերնատի ևս մի քանի հիվանդների քվեարկության համար ընտրատեղամաս են տարել նոյեմբերի 2-ին:
«Նրան տվել են թերթիկը և ցույց տվել անհրաժեշտ վանդակը: Նա քվեարկել է Բարաք Օբամայի օգտին: Նրան համոզել են»,- ասել է 40-ամյա հիվանդի հայրը:
Իր հերթին հոգեբուժական կլինիկայի ներկայացուցիչ Ջեֆ Սմիթը հայտարարել է, որ տեղեկություն չունի հաստատությունում քվեարկության հարցում հիվանդներին համոզելու մասին:
Հյուսիսային Կարոլինայում քվեարկության ընթացքին հետևող դիտորդների հանձնաժողովի ղեկավար Ջեյ Դելենսին հայտարարել է, որ հիվանդների ծնողները կամ օրինական ներկայացուցիչները իրավունք ունեն նրանց ձայները մինչև նոյեմբերի 16-ը չեղյալ հայտարարել:









































