«Հայ ժողովուրդն ինչքան հայտնի մարդիկ է ունեցել, ովքեր տարբեր ժամանակաշրջաններում ներդրում են ունեցել մեր ազգի զարգացման մեջ, պետք է փառքով հիշենք նրանց, այսօրվա սերունդն էլ իր ներդրումն ունենա նրանց փառքը պահպանելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ անդրադառնալով Երևանում բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը և այն քննադատություններին, որ հնչում են դրա առնչությամբ:
Դիտարկմանը, թե Ա․ Միկոյանի արձանի տեղադրման դեմ հանդես եկող մարդիկ նշում են, որ նա հազարավոր մարդկանց գնդակահարելու հրաման է տվել, Հայ Բաբուխանյանը պատասխանեց․ «Ես տեղեկացված չեմ, թե նա անձամբ ինչ-որ մեկին գնդակահարելու հրաման է տվել: Համենայնդեպս, նա հայ ժողովրդի համար շատ բան է արել, Հայաստանի զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել: Մեր բոլոր մեծերի մեջ էլ կարող է՝ մի բացասական բան գտնեն։ Հիմա մեկը Միկոյանին է քննադատում, վաղն էլ կարող է՝ Վարդան Մամիկոնյանին քննադատեն, բայց դա սխալ մոտեցում է. մենք այդքան շատ ուժեղ մարդիկ չենք ունեցել, մեր բոլոր երևելիներին պետք է փառք տանք ու չասենք՝ մեկն ավելի շատ գործ է արել, քան մյուսը»,- եզրափակեց նա:









































