Ամերիկյան բանկի վրա հարձակվել են ծաղրածուի և կապիկի հագուստներով հանցագործներ: Այս մասին հայտնում է Metro-ն: Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Վիրջինիայում՝ Capon Valley բաժանմունքում: Հանցագործները փախել են անհայտ ուղղությամբ, նահանգի ոստիկանությունը հետաքննություն է վարում:
Ծաղրածուի և կապիկի հագուստներով գողերը մայիսի 14-ին ներխուժել են բանկ և զենքի սպառնալիքով պահանջել իրենց տալ ամբողջ կանխիկ փողը (բանկի կորցրած գումարի չափը չի հաղորդվում): Ստանալով ուզածը՝ հանցագործներն ավտոմեքենայով փախել են:
Մի քանի րոպե հետո «ծաղրածուն» և «կապիկը» լքել ու այրել են ավտոմեքենան՝ հետքերը վերացնելու համար: Հավանաբար, նրանք հետո այլ ավտոմեքենա են նստել: Թե դրանով ուր են գնացել՝ անհայտ է:
Ըստ տեսագրությունների և բանկի աշխատողների վկայությունների՝ ծաղրածուի կոստյումովը տղամարդ է եղել, կապիկի կերպարով՝ կին:
Ոստիկանությունը հրապարակել է ձեռքի տակ ունեցած տեսանյութն ու լուսանկարները՝ հույսով, որ հանցագործներին պատահական վկաներ կճանաչեն:











































