«Առաջին դեպքը չէ, որ վարչապետը կամ նախագահը տնավարի ձևով խոսում են գործարարների հետ: Հովիկ Աբրահամյանին մի քիչ շատ կհաջողվի, արդեն տասնհինգ տոկոս ստվերից կգնա օրենքի դաշտ, քանի որ Հովիկ Աբահամյանը ճանաչում է այդ մարդկանց և գիտի ինչ լեզվով պետք է խոսել նրանց հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ գործարարների հետ հանդիմանը՝ նման կարծիք հայտնեց Հովհաննես Իգիթյանը:
Ուորլիքի հայտարարությունից, ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի, ողբերգություն սարքել պետք չէ և սենսացիաներ փնտրել պետք չէ:
«Մենք պետք է ադեկվատ լինենք: Կարող է ամերիկացին նման տեսակետ հայտնել կապված քաղաքական զարգացումների հետ, բայց կարծում եմ, որ որևէ իրավիճակ չի փոխվել, Ադրբեջանը այս քսան տարիներին բազմիցս հրադադար է խախտել, մենք պարզապես պետք է արձագանքենք»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Հովհաննես Իգիթյանն էլ նշեց, որ Ուորլիքը ամերիկացի չէ, այլ Կարնեգի դահլիճում ելույթի ժամանակ հստակ ասաց, որ այստեղ ինքը չի ներկայացնում Մինսկի խմբի համանախագահի կարծիքը, այլ հայտնում է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը: Իսկ այն հանգամանքը, որ այսօր Ուորլիքը շարունակում է ավելի բացել այս կետերը, նշանակում է՝ ԱՄՆ-ը լրջորեն տրամադրված է լուծել այդ խնդիրը: Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ դժվար է հասկանալ այն, ինչ ներկայացրեց ԱԳՆ-ն, որում մեղադրանքներ էին՝ ուղղված Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ դիրքորոշմանը: Կարևորը, որ պետք է ասել՝ ինչպես են տեսնում ԼՂՀ հարցի լուծումը:
«Այսպես մնա, լավ է. սա է ՀՀԿ դիրքորոշումը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Կարինե Աճեմյանն էլ նշեց, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, և իրենք ժամանակի ընթացքում ամեն ինչ կանեն փաստաթղթային տեսքով:
Ուորլիքի հայտարարությունը Հովհաննես Իգիթյանը ուղղակիորեն կապում է Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմի հետ: Ըստ նրա՝ Հայաստանը անշահախնդիր քծնում է Ռուսաստանի առջև, տալիս է ամեն ինչ՝ որևէ բան չստանալով, իսկ ՌԴ-ն լռում է այս հարցում:
Լուսանկարը՝ Armenpress-ի








































