Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր ասուլիսում անդրադարձան նաև ԼՂՀ կարգավորման հարցում վերջերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը:
Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ՝ Ուորլիքի հայտարարությունը տարօրինակ էր. ֆիքսում է, որ քսանամյա խաղաղություն է, բայց այն չի կարող երկար տևել: Նա նշեց, որ տարածաշրջանի հիմնական խաղացողներին բացարձակապես չի հետաքրքրում ԼՂՀ ճակատագիրը. ընթանում են աշխարհաքաղաքական գործընթացներ, և ամեն մեկն իր խնդիրն ուզում է լուծել մյուս պետությունների հաշվին: «Պարզ է, որ Արևմուտք-Ռուասաստան մեծ հակադրություն կա, և Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են ՌԴ-ի շուրջը տարբեր օջախներ, որ կարողանա իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծել: Պարոն Ուորլիքի հայտարարությունը որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով, որ հաստատված ստատուս քվոն հենց այս կարգավիճակով տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է հիմա: Երբ հանկարծ այդ կարգի պետության դիվանագետը ասում է, որ այլևս խաղաղության շարունակել չի կարելի, նրան ուշադրություն չարժե դարձնել:
Ազատ Արշակյանի խոսքով՝ առաջիկայում ֆուտբոլային պետություն կդառնանք, մենք դիվանագիտություն սիրող պետություն ենք: «Շավարշ Քոչարյանից բացի՝ հայ ժողովուրդը ամբողջությամբ դիվանագիտության դաշտում է: Սա շատ լավ է: Մենք գիտենք «յոթնյակի» հայտարարությունը, որտեղ հայտարարվել է մի քանի անգամ, որ ստատուս քվոն որևէ կերպ խախտել չի կարելի: Այդ տարածքի վրա ոչ մի փոփոխություն չի կարող լինել բռնությամբ»,- ասաց նա:
Ազատ Արշակյանի խոսքով՝ հայ ժողովրդի անվտանգությունը Ադրբեջանի տարածքում երաշխավորված չէ: Կեցցե՛ն հայկական բանակը, հայ ժողովուրդը, որ կարողանում են պայքարել ու պահպանել մեր նվաճումը:
«Երբ մենք ասում ենք Արևմուտք, մենք պետք է հասկանանք ազատություն և արդարություն: Արևմուտքը Ռուսաստանի հետ միասին թույլ չեն տա, որ այդ կարգավիճակը խախտվի:
Ուորլիքի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին, թե՝ տեսեք, եթե պատերազմ սկսեք Հայաստանի դեմ, կպատժվեք»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































