Այս պահի դրությամբ 12.346 դիմորդ կա, դիմորդների մեծամասնությունը կրկնուսույցների ծառայություններից են օգտվում՝ պարապելով առնվազն 1-3 առարկա: Աշակերտների մեծամասնությունը, թե մարզերից և թե մայրաքաղաքից, չեն կարծում, որ կարող են բուհ ընդունվել առանց պարապելու, չնայած նրան, որ ավագ դպրոցում են սովորում: Նախորդ տարիներին արդեն տարբեր բուհական հաստատություններում սովորող ուսանողները ևս փաստում են՝ առանց կրկնուսույցի մոտ պարապելու հատուկենտ շրջանավարտների է հաջողվում հաղթահարել քննական պահանջները:
Ամեն առարկա իր գինն ունի: Կրկնուսուցման գնացուցակը ամսական 20 հազար դրամից հասնում է մինչև 60 հազարի՝ կապված, թե ժողովրդի խոսքով ասած՝ «ինչ պրիստիժ», համբավ ունեցող կրկնուսույցի մոտ են պարապում՝ ուսուցչի՞, թե՞ դասախոսի: Հետաքրքիրն այն է, որ կրկնուսույցների եկամուտը չի հարկվում. մնում է ստվերում: Եթե օրինակ՝ առնվազն 12 հազար դիմորդի կրկնուսուցման գումարը մատչելի գներով հաշվարկենք, ընդհանուր առմամբ՝ 6,5-7 մլրդ-ը կանցնի:
«Առաջին լրատվական»-ը կրկնուսուցման վերաբերյալ զրուցել է 12-րդ դասարանում սովորող աշակերտների, ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների հետ: Նրանք կրկնուսուցման հիմնական պատճառ են համարում ավագ դպրոցի տված գիտելիքի որակը: Իսկ ուսուցիչներն էլ աշխատավարձերից են դժգոհում: Հիշեցնենք՝ 2006-ից շրջանառվեց և արդեն 2009-ից ներդրվեց եռամյա ավագ դպրոցը:
Հանրապետությունում 100-ից ավելի ավագ դպրոցներ են գործում, բայց կրթության որակն այդպես էլ չի բարձրանում: Տարբեր խնդիրներ են մատնանշվում, մի մասը նշված է նաև ԿԳՆ «Ավագ դպրոցների ներդրման ռազմավարական ծրագրում», և դրանք խորքային հարցեր են` ուսումնական պլանի ոչ բավարար ճկունություն, բուհական ընդունելության համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների անհամապատասխանություն, ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների մասնագիտական որակավորման անբավարարություն, առանձին դպրոցների ավագ դասարաններում սովորողների թվի պակասի պատճառով հոսքերի բազմազանության չկիրառում կամ հակառակը՝ գերբեռնված ավագ դպորոցներ, որի պարագայում ևս հնարավոր չէ որակ ապհովել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում











































