Լոս Անջելեսի Հոլմբի-Հիլզ էլիտար շրջանում գտնվող դղյակը, որտեղ 2009թ. ամռանը վախճանվեց Մայքլ Ջեքսոնը, վաճառվել է 18,1 մլն դոլարով: Այս մասին գրում է The Los Angeles Times թերթը:
The Huffington Post-ի տվյալով՝ տան գնորդը Cerberus Capital Management ընկերության գործադիր տնօրեն Սթիվեն Մայերն է. ընկերությունը աշխարհում ուղղակի ներդրումների խոշորագույն հիմնադրամներից մեկն է:
Որպես տան վաճառող հանդես են եկել Ed Hardy բրենդի հագուստի արտադրության գործադիր տնօրեն Հյուբերտ Գեսն ու նրա կինը: Նրանք դղյակը 2004թ. ձեռք էին բերել 18,5 մլն դոլարով:
Առաջին անգամ առանձնատունը աճուրդի է հանվել 2008թ.` 38,5 մլն դոլարով, սակայն շուտով Գեսը այն վարձակալությամբ հանձնեց Մայքլ Ջեքսոնին ՝ ամսական 100 հազար դոլարով: Երգչի մահից հետո անշարժ գույքը դարձյալ աճուրդի հանվեց 2010թ. օգոստոսին` 29 մլն դոլարով:
Եռահարկ, շուրջ 1600 քմ ընդհանուր մակերեսով առանձնատունը կառուցվել է 2002թ. ֆրանսիական առանձնատան ոճով: Տունն ունի 7 ննջարան, 13 լոգարան, 2 հյուրասրահ, խոհանոց, գրադարան, կինոսրահ, մարզասրահ` սփայով, մի քանի սենյակ ու ստուդիա: Ունի նաև վերելակ, գինու մառան, 12 բուխարի, 7 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ:
Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին քնաբերի չարաշահումից, որը նրան ներարկել էր բժիշկ Կոնրադ Մյուրեյը:











































