ՀԱԿ-ի մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վաղը Կոնգրեսի քաղխորհրդի նիստում կպարզվի, թե ինչ են նկատի ունեցել Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը՝ հայտարարելով, թե օգոստոսին որոշում է կայացվել ԲՀԿ-ի հետ համագործակցելու մասին:
Գիմիշյանը նշեց, որ ՀԱԿ քաղխորհրդի նիստերից մեկում` օգոստոսին, միայն քննարկվել է այն հարցը, թե ԱԺ ՀԱԿ խմբակցությունն արդյոք պե՞տք է համագործակցի խորհրդարանական այլ ուժերի հետ: Միայն այդ հարցում է քաղխորհրդի նիստում համաձայնություն եղել, քանի որ, ըստ Սոս Գիմիշյանի, պատգամավորի մանդատները վերցրած ՀԱԿ գործիչները պարտավոր են համագործակցել խորհրդարանական այլ ուժերի հետ:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ապա բանախոսը նշեց, որ այս հարցում Կոնգրեսում կոնսենսուս չկա, ինչպես ավելի վաղ հանրահավաքներից մեկում հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածուն ցանկացածը կարող է լինել, բայց ՀԱԿ-ի թեկնածուն չի կարող լինել Ծառուկյանը»,- ասաց բանախոսը:
Սոս Գիմիշյանը նաև նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես ՀԱԿ առաջնորդ՝ պարտավոր է առաջադրվել նախագահի ընտրություններում, հակառակ դեպքում ՀԱԿ առաջնորդը պետք է փոխվի:









































