ՀՀԿ-ն այսօր ակտիվ կուսակցական գործունեություն է ծավալում` պատրաստվելով նախագահական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ ավելի վաղ արված իրենց հայտարարությունն ուժի մեջ է` ՀՀԿ-ն գնում է ընտրություններին սեփական թեկնածուով, որը Սերժ Սարգսյանն է: Հովհաննես Սահակյանը ԲՀԿ-ի հետ կապված որևէ դիրքորոշում չցանկացավ հայտնել, քանի որ, նրա խոսքով, ԲՀԿ-ական գործիչները հայտնում են, որ ընտրությունների հարցով դեռևս ոչինչ որոշված չէ: Այս պարագայում, ըստ Սահակյանի, սխալ կլինի ենթադրություններ ու մեկնաբանություններ անել:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա, նրա կարծիքով` ՀԱԿ-ում այսօր կան կոնսոլիդացիայի խնդիրներ: «Հինգ հոգով յոթ երգ են երգում: Եթե ՀԱԿ-ը համախմբվի և մեկ կարծիք հայտնի, մեզ համար ամեն ինչ պարզ կլինի: Մեզ համար ավելի հեշտ կլինի, եթե ընդդիմադիր քաղաքական ուժն ունենա միասնական տեսակետ, և մեկը մյուսին չհերքեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ի` միասնական թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցին` բանախոսը նկատեց, որ անգամ ՀԱԿ-ի ներսում այսօր միասնական թեկնածու չկա:
«ՀԱԿ-ն ուներ մեծ քաղաքական կապիտալ, բայց այնքան արագ դա մսխեցին, որ նրանց խոսքն այսօր արդեն արժանահավատ չէ: Այսօր ձեռքները գցել են փրփուրներից, որ կարողանան դաշնակից գտնել ու վերարտադրվել քաղաքական դաշտում»,- ընդգծեց նա:
Հովհաննես Սահակյանը նույնպես վերահաստատեց Էդուարդ Շարմազանովի այն տեսակետը, որ ստեղծված իրավիճակում նախագահի թեկնածուներից ֆավորիտը Սերժ Սարգսյանն է:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացմանը` Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ դա այս փուլում քաղաքական ենթատեքստ չունի, պարզապես երկրի ղեկավարությանը չեն գոհացնում այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:










































