«Երկրում տիրող գաղջ մթնոլորտը խանգարում է մարդկանց միավորմանը: Սակայն պետք է գտնվի խենթերի մի խումբ: Այդ առաքելությունը մենք մեզ տվել ենք և մեր գործը սկսում ենք. այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Ժ. Սեֆիլյանը հայտնեց, որ իրենց շարժման շրջանակի մեծացման հանգրվանը տեսնում են առաջիկա ամիսներին. «Սակայն պետք է սկսել, որ հասնենք ամբողջին»:
Հարցին՝ համագործակցություն տեսնո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հետ, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ քաղաքական ուժերի հետ, Սեֆիլյանը պատասխանեց. «Քաղաքական վերնախավի հանդեպ վստահություն չկա, որովհետև այս 15-20 տարիների ընթացում նրանց գործունեության արդյունքը եղել է զրո, և խոսքը անհատական հակակրանքի մասին չէ, այլ արդյունքի»:
Սեֆիլյանի խոսքերով՝ իրենք համագործակցությունը քաղաքական անբիծ շրջանակի հետ են տեսնում։ Իսկ հարցին՝ քառյակը այդ ուժը կարո՞ղ է լինել, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Քառյակն արդեն հնգյակ է դարձել. թեման փակված է»։