Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստ է ցանկացած միջոցի դիմել՝ Իրանում միջուկային զենքի ի հայտ գալը թույլ չտալու համար: Այս մասին նա հայտարարել է իսրայելական Channel 2 հեռուստաալիքին:
«Վարչապետի պաշտոնում վերընտրվելու դեպքում երաշխավորում եմ, որ թույլ չեմ տա Իրանին միջուկային ռումբ ստանալ»,- ընդգծել է Նեթանյահուն:
Հարցին, թե նա կկարողանա՞ «սեղմել կոճակը», այսինքն՝ ռազմական օպերացիայի հրաման տալ, վարչապետը պատասխանել է. «Ես կարող եմ և պարզապես պարտավոր եմ, սակայն հույս ունեմ, որ ստիպված չեմ լինի դա անել»,- նշել է Նեթանյահուն:
Վարչապետի ելույթը կայացել է «Ուվդա» հաղորդման շրջանակում, որը սեփական լրագրողական հետաքննության արդյունքներով հաղորդել էր, որ 2010 թվականին Նեթանյահուն հանձնարարել էր իրանական միջուկայի օբյեկտների վրա հնարավոր հարձակման համար բանակը բերել բարձր պատրաստության: Սակայն զինվորական ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով ծրագիրը չէր իրագործվել:
Նշենք, որ իսրայելական խորհրդարանում արտահերթ ընտրությունները կկայանան 2013 թվականի հունվարի 22-ին:









































