Դեղերի շուկան որոշակի փոփոխությունների, մասնավորապես` օրենսդրական դաշտի փոփոխությունների կարիք ունի, հատկապես գնումների հետ կապված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ նշելով, որ մրցույթով դեղամիջոցների ձեռք բերումն ավելի թափանցիկ պետք է լինի, և շուկայի բոլոր մասնակիցները պետք է կարողանան իրենց առաջարկնելով հանդես գալ: Այսինքն՝ այն արատավոր ավանդույթը, որ գոյություն ունի գնումների ոլորտում, գոյություն ունի նաև առողջապահության համակարգում, ինչը նոր բան չի. 2003 թ.-ից ի վեր, ինչ Գնումների մասին օրենքը ներդրվել է երկրում, այդ ռիսկերը եղել են և շարունակում են մնալ:
Ա. Մկրտչյանը շեշտեց, որ օրենքն արդեն ինքնին արատավոր պրակտիկա է և կոռուպցիոն ռիսկերով է մտել մեր կյանք, սակայն եթե նույնիսկ օրենքը կարգի բերվի, դառնա լավը, միևնույն է՝ չի օգնի, որովհետև ընդհանուր մթնոլորտը չի թողնում, որ անաչառ գնումներ իրականացվեն: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքում կոռուպցիոն ոլորտներից առաջին եռյակում նաև առողջապահությունն է, և դա հայտնագործություն չէ:
Ա. Մկրտչյանը չկիսեց ներկայիս նախարար Դերենիկ Դումանյանի այն կարծիքը, որ գնումների գործընթացի իրականացումը նախարարության կողմից կբացառի կոռուպցիոն ռիսկերը. «Նախարարությունը նախկինում էլ մասնակցում էր գնումներին: Պետական գնումների գործակալությունն առավել շատ խորհրդատվական մարմին էր: Իսկ ինչո՞վ ենք վստահում նախարարությանը, բայց բուժհիմնարկներին չենք վստահում: Այսինքն` այստեղ խնդիրը մեխանիզմներն են և երկրին, գործին նվիրված մարդիկ»:
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտի մնացած խնդիրներին, ըստ նախկին նախարարի` դրանք երկարատև լուծում պահանջող խնդիրներ են, քանի որ շատ բան է ծառացած համակարգում, և ընդհանուր մթնոլորտի փոփոխությունը պետք է բերի դրանց լուծմանը: Մկրտչյանի խոսքով՝ չի կարող երկրում մի հատվածը կարգավորվել, մնացած ոլորտները մնան նույնը, իսկ վիրահատական մեթոդները երբեք չեն աշխատում.
«Ոչ ստուգման մեթոդներն են արդյունք տալիս (այդ փողկապները կապած մարդիկ, որ գնում են և խիստ-խիստ դեմքերով ստուգումներ են անում), ոչ էլ կտրուկ ջարդել-փշրելը: Սա համակարգային լրջագույն վերլուծությունների և համապատասխան գործառույթների իրականացման խնդիր է, ոչ թե ձեռքը խփելով սեղանին` փոփոխություն անել: Եվ առաջին հերթին կոնցեպտուալ հարցի պետք է պատասխանել՝ ո՞ւր է գնում մեր առողջապահությունը, մեր տնտեսական պայմաններում ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան, ո՞ր հիվանդություններն են բերում մահացության, ո՞ր հիվանդությունն է տարածված: Առողջապահությունը առաջին հերթին բնակչության առողջության պահպանություն է»:












































