Ինձ առաջադրել է ՀԱԿ անդամ հանդիսացող Հայաստանի կանաչների կուսակցությունը, և որոշումն ընդունվել է այս կուսակցության կողմից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ, Ավանի թիվ 1 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Արմենակ Դովլաթյանը։
«ՀԱԿ-ը դեռևս ինձ սատարելու մասին հայտարարություն չի արել, ես եմ խնդրել, որ չանի՝ կապված որոշ տեխնիկական հարցերի հետ: Բայց ասեմ նաև, որ առանց հայտարարություն անելու էլ ինձ բավականին շատ օգնում են նախընտրական քարոզարշավ իրականացնելու հարցում»,– նշեց Դովլաթյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու են միևնույն ընտրատարածքում առաջադրվել ընդդիմության երկու թեկնածուներ, ավելի ճիշտ չէ՞ր միավորվել և միասնական թեկնածուով պայքարել իշխանական թեկնածուի դեմ, արդյո՞ք այս դեպքում թեկնածուներն իրար չեն խանգարում, Արմենակ Դովլաթյանն ասաց. «Խանգարելու հարց չկա, ես կասեմ նույնիսկ օգնում ենք: Առհասարակ ասեմ՝ Ստեփան Սաֆարյանի հետ խնդիր չունեմ, առաջիկայում կհանդիպենք որոշ հարցեր կքննարկենք՝ ընտրությունների հետ կապված: Թե՛ քարոզարշավի ընթացքում,և թե՛ հենց ընտրությունների օրը կարող ենք միմյանց օգնել: Իսկ ինչ վերաբերում է իշխանական թեկնածուին, ապա նրան անձամբ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ նա օգտագործելու է բոլոր հնարավոր ռեսուրսները՝ հաղթելու համար»։










































