Աֆղանստանի իշխանությունները Միջազգային ճգնաժամային խմբին մեղադրում են անիրազեկության մեջ։ Խումբն աշխարհի ճգնաժամային տարածաշրջաններում հասարակական–քաղաքական ուսումնասիրություններ կատարող կազմակերպություն է, որի շտաբ-գրասենյակը գտնվում է Բրյուսելում:
Աֆղանստանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Միջազգային ճգնաժամային խմբի աշխատանքներն Աֆղանստանում «քաղաքականապես մոտիվացված են» և ուղղված են Աֆղանստանի գործող իշխանությունների դեմ: Երկրի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ կհետաքննի այդ կազմակերպության գործողությունները, և հնարավոր է՝ դրա դեմ որոշ քայլեր ձեռնարկի:
Աֆղանստանի մասին զեկույցում, որը հրապարակվել էր անցած ամիս, Միջազգային ճգնաժամային խումբը քննադատել էր նախագահ Համիդ Քարզային՝ պնդելով, որ անձնական իշխանությունը նրա համար ավելի կարևոր է, քան երկրի կայունությունը: Փաստաթղթում նաև կարծիք է հայտնվում, որ 2014 թ. ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանում քաղաքացիական պատերազմը կարող է նոր թափ առնել:
Կազմակերպության ներկայացուցիչները, սակայն, հայտնել են, որ աֆղանական իշխանություններից ոչ մի պաշտոնական նամակ չեն ստացել:








































