Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի բյուրոն այսօր հաստատել է նոր խմբակցության ստեղծումը: Խորհրդարանական խմբակցությունում գրանցվել են 6 անկախ պատգամավորներ: Խմբակցությունն անվանվել է «Անկուսակցականներ, անկախ մեծամասնականներ»:
Նոր խմբակցության ստեղծման հարցը բյուրոյին ներկայացրել է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Գոգի Լիպարտելիանին: «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրված Գոգի Լիպարտելիանին, Գոդերձի Բուկիան, Հենզել Մկոյանը, Կախա Օկրիաշվիլին և Սերգո Խաբուլիանին հրաժարվել էին մնալ խորհրդարանական փոքրամասնության («Միասնական ազգային շարժում» կուսակցության) կազմում:
Ավելի ուշ նրանց էր միացել Լագոդեխիից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Գիորգի Գոզալիշվիլին:










































