Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Genel Energy PLC նավթային ընկերությունը գնել է ինքնահռչակ Սոմալիլենդում նավթի որոնողական աշխատանքներ իրականացնելու արտոնագիր: Սոմալիի հյուսիսարևելյան հատվածում գտնվող այդ անկլավն անկախություն է հռչակել 1991 թվականին:
Նշվում է, որ Սոմալիլենդում, որը հարևան Արաբական թերակղզուն նման աշխարհագրական առանձնահատկություններ ունի, հայտնաբերվել են բնական պաշարների հարուստ հանքեր: Սրանից առաջ էլ թուրքական ընկերությունն ակտիվորեն ներդրումներ էր կատարել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում՝ օգտակար հանածոներ հայտնաբերելու համար:
Սոմալիլենդում նավթի ու ածխի պաշարների հետազոտման վրա կարող է ծախսվել մինչև մեկուկես տարի: Թուրքական ընկերությունը չի հայտնել, թե որքան գումար է պատրաստվում ներդնել Սոմալիլենդում: Ենթադրվում է, որ խոսքը մինչև 1 միլիարդ դոլարի մասին է: Ավելի վաղ Համաշխարհային բանկը տվյալ տարածաշրջանը որակել էր որպես բավական կայուն՝ մասնավոր ներդրումների համար:











































