Այսօր Կահիրեում կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի տնօրեն Մուսա Աբու Մարզուկի հանդիպումը: Այս մասին հայտնում է ռուսական «Վզգլյադ» թերթը:
Ինչպես հանդիպումից առաջ հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը, Մոսկվան «կարևոր է համարում այն, որ «արաբական գարնան» բուռն իրադարձություններից հետո պաղեստինյան խնդիրը մոռացության չմատնվի և հետին պլան չմղվի»:
«Մենք վստահ ենք, որ ՀԱՄԱՍ-ը այդ գործընթացում կարող է շատ կարևոր դեր խաղալ, և հույս ունենք, որ դա հենց այդպես էլ կլինի, և այսօր ցանկանում ենք կարծիքներ փոխանակել այդ թեմայով»,- հավելել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ Մոսկվայի խորին համոզմամբ՝ պաղեստինյան խնդիրը առանց բոլոր պաղեստինցիների միասնության չի լուծվի:
Աբու Մարզուկը իր հերթին նշել է պաղեստինյան խնդիրների ուղղությամբ Ռուսաստանի կարևոր դերը:
Լավրովն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ում նախընտրական պայքարի պատճառով ամերիկացի գործընկերները հրաժարվել էին սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ում անցկացնել «քառյակի» ավանդական նախարարական հանդիպումը: Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթի հետ հարցազրույցում Լավրովն ասել է, որ իրենց կարծիքով` նման հանդիպում անցկացնելու ակտուալությունը նախկինի պես մեծ է, և իրենք հանդես են գալիս «քառյակի» հանդիպումներին ԱՊԼ ներկայացուցիչների միանալու օգտին:
Կիրակի Լավրովը շրջագայություն է սկսել Մերձավոր Արևելքում, որի ընթացքում հանդիպումներ կունենա Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարության, ինչպես նաև Պաղեստինի ազգային վարչակազմի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:










































