Ֆիլիպ Կիրկորովին չեն թողել Բաքու մտնել. Բաքվում չեղյալ է հայտարարվել նրա՝ նոյեմբերի 8-ին նախատեսված մենահամերգը: Սկզբում համերգի կազմակերպիչներին «կազմակերպչական խնդիրների» պատճառով մերժել էին տրամադրել Հեյդար Ալիևի անվան Պալատը, այնուհետև «տեխնիկական պատճառներով» երգչին չի ցանկացել ընդունել նաև Baku Crystall Hall-ը:
Այդ առիթով հանրահայտ երգիչը զայրացել է և նույնիսկ արտահայտվել է մամուլում:
«Հավանաբար ես շատերին եմ ցնցում: Ես ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ստեղծագործող մարդիկ պատկանում են առանց ազգային պատկանելության և տարածքային կապվածության մարդկանց թվին… Տխուր է, որ քաղաքացիության կամ ազգային ծագման համար երգչի համերգը դադարեցվում է, երբ նրան սպասում են հազարավոր մարդիկ: Բայց ինձ` մի մարդու, ով մշտապես հեռու է եղել քաղաքականությունից, դժվար է այլ կերպ բացատրել իրավիճակը, որը ստեղծվել է իմ ելույթի շուրջ: Չեմ կարծում, որ համերգասրահի վարչակազմը, քաղաքապետարանը և նույնիսկ պետության ղեկավարությունը, ցանկանում են, որ ազգային շահերի և հին վիրավորանքների ստահոդ պատկերացումների պատճառով, որոնք ընդհանուր հաշվով ոչ մի կապ չունեն երաժշտության հետ, դավաճանություն տեղի ունենա: Իսկ ինձ համար համերգի չկայանալը հավասարազոր է հանրության, ինձ սպասող հանդիսատեսի հանդեպ դավաճանության:
Ամենատարածված տարբերակներից մեկի համաձայն՝ Ֆիլիպ Կիրկորովի համերգը Բաքվում չի կայացել իր հայկական ծագման պատճառով: Կիրկորովի ցանկացած ելույթ Բաքվում դիտվելու էր ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանականերում: Այդ մասին նշել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զախիդ Օրուջը:
Տարածված տեղեկատվության համաձայն՝ Ֆիլիպի հանդեպ վերաբերմունքն այսպես ակնհայտ ցուցաբերվել էր այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, իր հովանավորության ներքո է վերցրել հայազգի պատանի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին:
Ցավալի է Ֆիլիպ Կիրկորովի համար, ով առանձնապես աչքի չէր էլ ընկնում իր հայկական արմատները նշելով, դեռ ավելին, նա նույնիսկ հադես էր գալիս հակահայկական ու ավելի շատ՝ պրոթուրքական կոչերով և թերևս ադրբեջանական իշխանություններից չէր ակնկալում նմանատիպ վերբերմունք իր հանդեպ: Եթե նա, ով իրեն համարում է ազգային և տարածքային պատկանելություն չունեցող մարդկանցից մեկը, հասարակայնորեն հրաժարվի իր հայկական արյունից և հորից, գուցե և թույլ տան մտնել Բաքու: Սակայն չի բացառվում, որ դա էլ չօգնի, քանի որ այդ երկիրը հայտնի է պաթոլոգիական ատելությամբ հայերի հանդեպ` այդ թվում այնպիսի եզակի օրինակների, ովքեր պատրաստ են թքել սեփական ազգային պատկանելության վրա:








































