«Ճգնաժամը ջնջեց մեր բոլոր ջանքերը, չնայած որ մենք հասանք վերջին 20 տարում գործազրկության ամենացածր ցուցանիշին»,- ասել է Բեռլուսկոնին իտալացի հայտնի լրագրող Բրունո Վեսպեին տված հարցազրույցում, որը զետեղված է նրա նոր «Արքունիք և հրապարակ» գրքում։ Գիրքը թեև լույս կտեսնի նոյեմբերի ութին, նրանից որոշ հատվածներ արդեն հայտնվել են իտալական ԶԼՄ-ներում:
Իտալիայի նախկին վարչապետը ներողություն է խնդրել իտալացիներից այն բանի համար, որ ոչինչ չկարողացավ անել տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում. «Ես ներողություն եմ խնդրում իտալացիներից, որ ոչինչ չկարողացա անել»:
Բեռլուսկոնին, ով վերջերս հայտարարել էր, որ գալիք տարվա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո չի պատրաստվում կառավարության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել, հաստատել է նաև, որ մտադիր չէ վերընտրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: «Չնայած որ քաղաքական ասպարեզում մնալու համար ինձ վրա իմ համախոհները շատ են ճնշում»,- ավելացրել է Բեռլուսկոնին:
Խոսելով դեկտեմբերին իր կուսակցությունում կայանալիք փրայմերիզի մասին՝ քաղաքական գործիչը դա «պատմական իրադարձություն» է անվանել։ «Ոչ թե այն պատճառով, որ մեր կուսակցությունում փրայմերիզ առաջին անգամ է կատարվելու, այլ այն պատճառով, որ պետք է Բեռլուսկոնիին փոխարինող ընտրվի»,- ասել է նա:









































