Օրերս Մարիուպոլի բախումների կիզակետում հայաստանցի է սպանվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
Նա նշեց, որ մահացած հայի անունն է Գառնիկ Արզումանյան՝ 45-50 տարեկան: «Բախումների, քաշքշուկների մեջ նրա գլխին հարվածել են, որի հետևանքով տղամարդը մահացել է: Այսօր-վաղը նրա դին կտեղափոխեն Հայաստան»,- տեղեկացրեց սրբազանը:
Վերջինս ասաց, որ տղամարդու պատկանելիության մասին շատ մանրամասներ չի հաջողվել պարզել. նա ինչպես և ինչու է հայտնվել դեպքի վայրում, Ուկրաինայի քաղաքացի՞ է, թե՞ ոչ: «Մենք հայությանը կոչ ենք անում չեզոք լինել, իսկ ով իր որոշմամբ միանում է այս կամ այն կողմին, դա անում է իր կամքով»,- նկատեց սրբազանը: