Նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում արդեն չորրոդ անգամ մեկնարկել է Հայաստանի դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» հանդիպումը:
Արդեն ավանդույթ դարձած այս երկօրյա հանդիպումը հիանալի հնարավորություն է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների համար ՀՀ կառավարության և պետական ոլորտի պաշտոնյաների հետ ոլորտի գերակա
խնդիրները և զարգացման առաջնահերթությունները քննարկելու համար։
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի դեղ արտադրողների և
ներմուծողների միությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի»)
ծրագիրը:
Չնայած նախորդ հանդիպումից ի վեր իրականացված մի շարք միջոցառումների,
ոլորտի գերակա խնդիրը շարունակում է մնալ տեղական ընկերությունների
արտադրությունը ՊԱԳ պահանջներին համապատասխանեցնելու հարցը:
Խնդրի առաջնայնությանն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ
Դումանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը իրենց ողջույնի
խոսքում:
Նոյեմբերի 3-ին կայացած առաջին նիստը նվիրված էր դեղագործության ոլորտի բարեփոխումներին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել դեղագործության ռազմավարության գործողությունների ծրագրի և
Պատշաճ արտադրական գործունեության կանոնների ներդրման առաջընթացը,
ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ
(«Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից ցուցաբերվող աջակցությունը դեղարտադրող
ընկերություններին:
ՀՀ կառավարությունը կոչ է անում տեղական արտադրողներին ձեռնարկել
համապատասխան միջոցներ 2013թ. իրենց արտադրությունում ներդնել Պատշաճ
արտադրական գործունեության (ՊԱԳ) և Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ)
միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ, որը հնարավորություն կտա բարձրացնել հայկական արտադրության դեղերի մրցունակությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաններում:
Մասնակիցները քննարկել են այդ ուղղությամբ ընկերությունների կողմից նախատեսվող միջոցառումները և դրանց իրականացման
առաջարկվող ժամանակացույցը: ՀՀ կառավարությունն իր հերթին մանրամասնել է
իրավական բարեփոխումների իրականացման ընթացքը և հետագա քայլերը:
Քննարկման առարկա է դարձել ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը, որը
վերջնական տեսքով կներկայացվի ՀՀ կառավարությանը մինչև ս.թ. նոյեմբերի
վերջ:
Միջոցառման երկրորդ օրը`նոյեմբերի 4-ին, մասնակիցները կանդրադառնան ՓՄՁ
ներդրումներին, կարգավորիչ գիլյոտին ծրագրին և պետական գնումների
ոլորտում բուժհաստատությունների կողմից դեղերի, բժշկական պարագաների և
նյութերի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրության
արդյունքներին, ինչպես նաև ԴԱՆ Միության և ՀՀ առողջապահության
նախարարության կողմից համատեղ մշակված Մարքեթինգի էթիկայի կանոնագրքին։










































