Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ առաջադրվելով նախագահի թեկնածու՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրականում կարող է սատարել այսօր դաշտում գործող երկու հիմնական ուժերից մեկին՝ կամ ՀՀԿ-ին, կամ ԲՀԿ-ին. «Եթե այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը սատարում է Ռոբերտ Քոչարյանին, ամեն ինչ հնարավոր է, և քաղաքականության մեջ ոչ մի բան բացառել չի կարելի»:
Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե վերջին անգամ է նախագահի թեկնածու առաջադրվելու, արդյոք նշանակո՞ւմ է, որ նա դուրս է գալու քաղաքականությունից` «Առաջին լրատվական»-ի այս հարցին պատասխանելով Կարեն Քոչարյանը նշեց՝ քաղաքականությունն այնպիսի ոլորտ է, որ այդ պահին ինչ հարմար է, դա են ասում: «Մենք բազմիցս ենք ներկա եղել նմանատիպ իրավիճակի: Այդ առումով քաղաքականությունը շատ նման է շոու-բիզնեսին, երբ որ Պուգաչովան մի 78 անգամ ասում էր՝ это моё последнее турне: Նույնը քաղաքական գործիչներն են, բազմիցս ասում են՝ թե դա վերջին անգամն է»:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերին, ապա քաղտեխնոլոգը նշեց, որ սա քաղաքականություն է, շանսերը երբեք գերագնահատել կամ թերագնահատել չի կարելի:









































