РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր Թեհրանի կենտրոնում անցկացվել է հակաամերիկյան ցույց՝ նվիրված 1979 թվականին իրանցի ուսանողների կողմից ԱՄՆ դեսպանատան գրավման 33-ամյակին: Հակաամերիկյան ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ:
Նշվում է, որ ամեն տարի այս օրը Թեհրանում անցկացվում է նման սցենարով հակաամերիկյան ակցիա: Այս տարին բացառություն չի եղել, թեև այս տարի ցույցի մասնակիցների թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարիներին:
Իրանցի փորձագետները դա պայմանավորում են Իրանի միջուկային ծրագրի գործոնով, որի շուրջ Իրանը բանակցում է «վեցյակի» հետ, որում ներառված է նաև ԱՄՆ-ը:
Ցույցը, որ ստացել է «լրտեսական բույն» անվանումը, անցկացվում է Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան մոտ: Ցուցարարները վանկարկում են հակաամերիկյան ու հակաիսրայելական կարգախոսներ: Ցուցարարներն ավանդաբար կրում են ազգային դրոշներ, այաթոլլահ Ալի Խամենեիի նկարը, ինչպես նաև հակաիսրայելական պաստառներ:
1979 թվականի նոյեմբերի 4-ին Թեհրանում գրավվել էր ԱՄՆ դեսպանատունը, և պատանդ էր վերցվել դեսպանատան 52 աշխատակից, որոնք այդ դրության մեջ մնացին 444 օր շարունակ: Նրանք ազատ արձակվեցին միայն 1981 թվականի հունվարին:










































