Սիրիացի ապստամբները երկրի հյուսիսում՝ Իդլիբում, առանց դատի և հետաքննության գնդակահարել են գերեվարված կանոնավոր բանակի զինվորներին: Այս մասին հաղորդվում է Amnesty International միջազգային իրավապաշտպանական կազմակերպության պաշտոնական կայքում:
Կազմակերպության ներկայացուցիչ Էն Հարիսոնի խոսքերով՝ իրենց տրամադրության տակ կա մի տեսանյութ, որում գրոհայինները Իդլիբի անցակետերից մեկում ծեծում, այնուհետև գնդակահարում են զինծառայողներին:
«Մենք հաստատում ենք, որ հավանական է՝ իրականացվել են ռազմական հանցագործություններ»,- նշել է Հարիսոնը:
Amnesty International-ի ներկայացուցչի խոսքերով՝ Սիրիայի վարչակարգի զինված հակառակորդները անտեսում են միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները:
Իրավապաշտպաններին դեռևս չի հաջողվել պարզել, թե որ ապստամբական խմբավորումն է իրականացրել տեսանյութում պատկերված ոճրագործությունը:











































