Տեխաս նահանգի ոստիկանությունը ձերբակալել է մարդու, ում կասկածում են Target առևտրային ցանցի հաճախորդների տվյալների գողությանը մասնակցելու մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Սկզբում կասկածյալ Գո Սինչենը ձերբակալվել է բանկային քարտերի հետ կապված խարդախությունների մեղադրանքով: Նրա գործը գրավել է Target-ի մասնագետների ուշադրությունը: Նրանք լրացուցիչ հետաքննություն են անցկացրել ու պարզել, որ Սինչենը հավանաբար մասնակցել է անցած տարվա վերջին իրականացված ցանցահենային հարձակմանը:
2013-ի դեկտեմբերին Target-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ կիբերհանցագործներին հաջողվել է տվյալներ գողանալ ցանցի հաճախորդների բանկային քարտերի վերաբերյալ: Ցանցահենների գործողություններից տուժել էր 110 մլն մարդ: Այդ տեղեկության գողության հետևանքով ամերիկյան ֆինանսական ինստիտուտները կրել են ավելի քան 200 մլն դոլարի վնաս:
Target-ն ԱՄՆ-ի՝ մեծությամբ երրորդ առևտրային ցանցն է և ամբողջ երկրում ունի 1900 խանութ:










































