Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալի փաստաբանները նրա հետ հանդիպելու նպատակով դիմել են Բուրսայի հանրապետական դատախազությանը: Սակայն վերջինս հերթական անգամ մերժել է Օջալանի փաստաբաններին:
Իր մերժման մեջ դատախազությունը հերթական անգամ «պատճառաբանել» է, որ Մարմարա ծովի Իմրալը կղզի (որի բանտում է գտնվում Օջալանը) տանող նավը «գտնվում է» անսարք վիճակում:
Նշվում է, որ Օջալանի փաստաբաններն արդեն 463 օր է (2011 թվականի հուլիսի 27-ից)՝ չեն կարողանում հանդիպել քուրդ առաջնորդի հետ: Ամեն անգամ նրանք մերժում են ստանում անհեթեթ պատճառաբանություններով՝ «նավն անսարք է», «եղանակային պայմանները լավը չեն», «նավը վերանորոգման մեջ է», «նավը վերադարձել է վերանորոգումից, սակայն այդ մասին փաստաթղթերը դեռ չեն ներկայացվել նավահանգստի ղեկավարությանը», «պետական տոնի պատճառով նավի անձնակազմը չի աշխատում» և այլն:










































