ԱՄՆ-ը հետ է կանչում Ռուսաստանի նկատմամբ մի շարք առևտրական արտոնություններ, որոնք Արտոնությունների ընդհանուր համակարգին համապատասխան գործում էին զարգացող երկրների նկատմամբ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
«Ես որոշել եմ, որ պետք է վերջ տալ Ռուսաստանի կարգավիճակին` որպես արտոնությունների ենթակա զարգացող երկրի, քանի որ Ռուսաստանը բավական առաջ է շարժվել տնտեսության ոլորտում և բարելավել առևտրական մրցունակությունը, ինչը չի նախատեսում Արտոնությունների ընդհանուր համակարգի ռեժիմը»,- ասել է նա:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին հստակեցրել է, որ որոշումը կհանգեցնի մաքսային տարիֆների բարձրացմանը: «Երբ նախագահի հրամանով Ռուսաստանը կզրկվի իր կարգավիճակից, ԱՄՆ Ռուսաստանից ներկրվող GSP ծրագրի ներքո ապրանքները արդեն ենթակա կլինեն նորմալ, առանց մաքսային արտոնությունների վճարումների»,- ասել է նա:
Համաձայն այդ ծրագրի` թույլ է տրվում զարգացող երկրներից ԱՄՆ ներկրել մինչև 5 հազար անվանական արտադրանք:








































