Կոռուպցիայի դեմ «այդ թվում` վիրահատական մեթոդների ե կիրառմամբ պայքարի մասին ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությունը լավագույնս ցույց է տալիս ուղիղ ութ տարի հինգ ամիս տևած «պայքարի» ամբողջ պատկերը:
2004թ. հունիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ստեղծվեց «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ», որն ի պաշտոնե նախագահում է ՀՀ վարչապետը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ դրանով այդ «պայքարը», ինչպես ասում են, ստացավ համակարգային բնույթ: Մի քիչ տեղեկատվություն այդ խորհրդի մասին, որից, թերևս, կարելի է պատկերացնել, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարի համակարգվածության պայմաններում` կոռուպցիան դարձավ ավելի համակարգային: Խորհրդում, բացի վարչապետից, ընդգրկված են Աժ փոխնախագահներից մեկը, կառավարության աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, ԿԲ նախագահը, գլխավոր դատախազը, Աժ վերահսկիչ պալատի նախագահը, ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահը, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարը: Անցած 8 տարիների ընթացքում այս խորհուրդը 18 նիստ է գումարել, որից 8-ը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Վերջին նիստը, դատելով կառավարության պաշտոնական կայքից, գումարվել է 2 տարի առաջ` 2010թ. հոկտեմբերի 12-ին: Ու հանկարծ վարչապետը հիշել է այս խորհրդի մասին ու վաղը մի պատմական նիստ է գումարելու: Ծանոթանալով այդ նիստերի մասին կառավարության տարածած հաղորդագրություններին` կզարմանաք, թե ինչպես կարելի է ժամերով նիստեր անել ու չքննարկել առարկայական ոչինչ` բացարձակապես ոչինչ: Այդ հաղորդագրությունները խոհափիլիսոփայական մտքերից կազմված վիպակներ են, որոնք գուցե հաճելի են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, բայց կատարյալ դատարկություն են: Վաղվա նիստը, անշուշտ, կտարբերվի նախորդներից, կլինեն բոցաշունչ ելույթներ, գուցե նաև անուններ հնչեն, պաշտոնանկության մասին հայտարարություններ լինեն և այլն: Բայց բովանդակային առումով սա կլինի նախկին նիստերի տրամաբանական շարունակությունը: Եվ դրանում համոզվելու համար հարկ է մեկ անգամ ուշադիր ընթերցել խորհրդի կազմում ընդգրկված պաշտոնյաների ցանկը: Այնտեղ կան մարդիկ, որոնց առանձնատները միլիոնավոր դոլարներ արժեն, և դրանց պատերին մեծանուն նկարիչների շատ թանկարժեք կտավներ են:
Ընդհանրապես կոռուպցիայի դեմ «պայքարը» ՀՀ-ում ամենահումորային թեմաներից է: Օրինակ, ընդամենը 5 ամիս առաջ ՀՀ վարչապետը Բելգիայում մի հարցազրույց էր տվել: Լրագրողը հարցրել էր. «Պարոն վարչապետ, հայտնի է կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի հաջողված փորձը, ինչո՞ւ դա չի կիրառվում նաև Հայաստանում»: Վարչապետի պատասխանը սա էր.«Պատասխանը շատ պարզ է, որովհետև Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք գնում ենք էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհով…»: Հիմա էլ հայտարարվում է «վիրահատական մեթոդների», այսինքն` «Վրաստանի հաջողված փորձի» կիրառման մասին: Ընդամենը 5 ամիս: Միայն սրանից կարելի է պատկերացում կազմել, թե որքանով է լուրջ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում: Ուսումնասիրելով կոռուպցիայի դեմ հայկական պայքարի 8-ամյա պատմությունը, կհամոզվենք, որ ահռելի եռանդ է ծախսվել, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքար չտարվի: Ինչ բառեր, ինչ նախադասություններ, ինչ տերմիններ ասես չեն հորինվել ու իրար միացվել, որ «պայքարի» պատմավեպը հնարավորինս հարուստ լինի: Ու պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանն այդ իմաստով անգերազանցելի է եղել: Մի քանի մեջբերում դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանի 2007թ. հունիսի 26-ի Աժ-ում ունեցած ելույթից. «Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը ենթադրում է նաև հոգեբանական բարդույթի հաղթահարում: Հարկերից խուսափելը և կաշառակերությունը պետք է դիտարկվեն անպատվաբեր և հանրության կողմից դատապարտելի երևույթ: Մեր շարքերում չպետք է հանդուրժենք ներողամիտ մոտեցում և պետք է սկսենք մեզանից: Մենք չպետք է հաշվի առնենք բարեկամական կապերը… կուսակից չհամարենք այն մարդկանց, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից և հանդուրժելու են այս արատավոր երևույթը…»:
Զգում եք, չէ՞, որքան էքսպրեսիա կա այս խոսքի մեջ: Իսկ դեռ որքան չասված բառեր կան…
Հ.Գ. Երեկ կառավարության նիստից հետո «ՀԺ»-ին հաջողվեց մի կարճ զրույց ունենալ Կոռուպցիայի դեմ պաքարի խորհրդի անդամ, Աժ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:
– Պարոն Զաքարյան, «վիրահատական միջամտության» գործում «գլխավոր վիրաբույժը» ո՞վ է լինելու:
– Չեմ կարող ասել, ամեն դեպքում ես կարծում եմ, որ բոլոր այն կառույցները, որոնք կոչված են պայքարել նման երևույթների դեմ, ամեն մեկը պետք է իր գործն անի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում:









































