ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը վատ է վերաբերվում այն պատգամավորներին, որոնց մտքով անցել է այցելել Նաիրի Հունանյանին ու նրա եղբորը` Կարեն Հունանյանին, հարցնել, թե ինչպես են ու պարզել, որ հոգեկան խնդիրներ ունեն: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց.
«Իմ մտքով անգամ դա չէր անցնի: Ինձ շատ դժվար է այդ թեմայով խոսել, ես ինքս նստած եմ եղել Վազգեն Սարգսյանի կողքին: Ես որևէ խոսք նույնիսկ չեմ կարողանում գտնել՝ այդ արարքը գնահատելու կամ բնութագրելու համար: Հայոց հարուստ բառապաշարն այդ առումով բավականին տկար է և անօգնական: Ուր մնաց թե հիմա փորձել գնալ և հարցնել նրանց որպիսությունը: Ես ընդունում եմ մարդու իրավունքներ և այլն, և այլն, ես այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց կներեք, դրան էլ սահման կա: Ինձ այդ խմբի ինչպիսին լինելը բացարձակապես չի հետաքրքրում: ԲՀԿ պատգամավորները թող գնան: Ինձ բացարձակապես նրանք չեն հետաքրքրում: Ցանկացած այլ ոճրագործի ճակատագրով կարելի է հետաքրքրվել, բայց ոչ նրանց: Նրանք ինձ համար ազգի դավաճաններ են, վերջ»:











































