Երկուշաբթի Սերժ Սարգսյանը դատախազությունում` իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն անցկացրեց և հերթական «հուժկու» զայրույթն արտահայտեց. «…Նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ: Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին` որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում»:
Այս ամենը տեղի է ունեցել հատկապես 2008 թվականի Մարտի 1-ի հետ կապված բոլոր քրեական գործերի պարագայում: Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության պետի, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին հարցրել է համաձա՞յն է, որ խոսքը Մարտի 1-ի քրեական գործերի մասին էր: «Հիմա ես այդ քրեական գործի հետ ոչ մի կապ չունեմ: Հա, ես եղել եմ, չեմ հրաժարվում: Բայց նման գնահատական ես չեմ լսել»,- պատասխանել է Հարությունյանը:








































