Մոլդովան և Թուրքիան ստորագրել են վիզաների փոխադարձ վերացման մասին միջկառավարական համաձայնագիր, և ևս մի համաձայնագիր՝ երկու երկրների տարածքներում ապօրինի գտնվող քաղաքացիների ռեադմիսիայի մասին: Ինչպես հայտնում է RBK-ն՝ հղում անելով Մոլդովայի կառավարությանը, ի թիվս այլ փաստաթղթերի՝ համաձայնագրերը ստորագրվել են նոյեմբերի 1-ին Անկարայում՝ Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի Թուրքիա պաշտոնական այցի շրջանակում:
Վիզաների փոխադարձ վերացման մասի համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Յուրի Լյանկեն և Ահմեդ Դավութօղլուն, իսկ քաղաքացիների ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի և Մոլդովայի ՆԳ նախարարներ Իդրիս Շահինն ու Դորին Ռեչանը՝ երկու երկրների վարչապետերի մասնակցությամբ:
Ինչպես նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վիզաների կասեցման մասին ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ակտիվացնել երկրների համագործակցությունը տնտեսության, քաղաքականության և զբոսաշրջության ոլորտներում:
Իր հերթին Ֆիլատը նշել է, որ անցած տարի Թուրքիա է այցելել Մոլդովայի շուրջ 85 հազար քաղաքացի: Նա հույս է հայտնել, որ վիզային ռեժիմի վերացումից հետո նրանց, ինչպես և Մոլդովա այցելող Թուրքիայի քաղաքացիների թիվը կավելանա:
Վիզայի կասեցման մասին համաձայնագիրը նախատեսում է երկու կողմերի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմ այն դեպքում, երբ նրանք գտնվում են երկրի տարածքում 90 օրից ոչ ավելի՝ առաջին այցից հետո 6 ամսվա ընթացքում, սակայն ովքեր ցանկանում են ավելի երկար մնալ, պետք է համապատասխան վիզա ստանան:











































