Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Թամազյանը 15-ամյա աղջնակին շահագործել, ապա անառակաբարո արարք էր կատարել՝ շոյել էր մարմինը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 1-ին դահլիճ առաջին անգամ մտնողը կարող է մտածել, թե շատ արդիական դահլիճ է մտել. դատարանի ու դատավարության մյուս մասնակիցների տեղերը դահլիճից առանձնացված են թափանցիկ միջնորմով: Հնարավոր է՝ անվտանգության նկատառումներով: Այդ տրամաբանությամբ՝ մնացած՝ ոչ միջնորմավորված դահլիճներում պիտի որ վտանգավոր լինի դատական նիստեր անցկացնելը: Բայց նիստերը հիմնականում բարեհաջող էլ անցկացվում են:

Նշածս միջնորմավորված դահլիճում մղձավանջն սկսվում է նիստն սկսվելուն պես՝ հենց որ միացվում են միկրոֆոնները և խոշտանգիչ ակուստիկ աղմուկը լցվում է դահլիճային մաս: Տղա ես՝ լսիր ու հասկացիր, թե համատարած արձագանքման պայմաններում ինչ են խոսում կողմերը: Առավել ևս՝ եթե լրագրող ես ու պիտի հստակ լսես՝ հստակ էլ լրատվություն տալու համար: Ստիպված ես լինում երկու ականջներդ չորս անել, ուղեղդ էլ կողմնակի բոլոր շվվոցներին ու խշշոցներին վարժեցնել և հերոսաբար կատարել աշխատանքային պարտականություններդ: Չգիտեմ, դատական դեպարտամենտից որևէ մեկը երբևէ նստե՞լ է այս դահլիճում՝ նիստի ընթացքում հնչող յուրաքանչյուր խոսքը լսելու համառ մտադրությամբ, թե՞ ոչ, բայց այս դահլիճում մի քանի րոպե նստելուց հետո մարդու լսելիքի և ուղեղի խոշտանգում է սկսվում, ինչը շարունակվում է մինչև նիստի ավարտը:

Նշված «միջնորմավորված» «խոշտանգումը» բոլորովին չի ապահովում դատաքննության հրապարակայնությունը, ինչի անհրաժեշտության մասին մեր դատաիրավական ոլորտի պատասխանատուներին անվերջ հիշեցնում են եվրոպական ու միջազգային կառույցները:

Մեկ այլ անակնկալ ևս կա այս դահլիճում: Եթե նիստն ընթանում է դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, ապա դռնբաց նիստի պայմաններում նա, տեղեկանալով, որ դահլիճի միջնորմից այն կողմ լրագրող է սպրդել, անպայման անձը հաստատող փաստաթուղթ է ստուգում, որը դատավորին է հասցնում դատական կարգադրիչը, որովհետև դատավորը լրագրողի ձայնը, միևնույնն է, չի լսում միջնորմից այն կողմ: Փաստաթղթի ստուգումից և հրապարակումից հետո դռնբաց դատական նիստի ու հրապարակային դատաքննության պայմաններում դատավորը հարցնում է կողմերի կարծիքը՝ լրագրողի մասնակցությունը թույլատրելու մասին: Եթե կողմերը բարեհաճորեն չեն առարկում, դատավորը որոշում է կայացնում՝ թույլատրել լրագրողի մասնակցությունը: Այսօր նախագահողը թեթև ժպիտով ասաց, թե այդպիսին է դատավարության կարգը:

Ստացվում է, որ երևանյան դատարանների ոչ մի դատավոր այս կարգին տեղյակ չէ, որովհետև երկարամյա դատական լրագրող եմ և առաջին անգամ եմ դռնբաց դատական նիստին մասնակցելու համար նման ստուգման և ուշադրության արժանանում, դեռ դատարանի բարեհաճությամբ էլ մասնակցության թույլտվություն ստանում՝ ինչ-որ տեղ դառնալով դատավարության կողմ: Եթե դահլիճում ներկա լինեն մեկ, երկու տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչը պատահում է՝ նայած դատական գործի հնչեղության, ուրեմն լրագրողների փաստաթղթերի ստուգումն ու նրանց մասնակցության հարցի քննարկումը կտևի, այսպես ասենք՝ բավական ժամանակ: Հնարավոր է, որ այս հրապարակումից հետո մյուս բոլոր դատավորներն սթափվեն ու անթույլատրություն, առանց ստուգման ներս սողոսկած լրագրողների հետ վարվեն «ըստ դատավարության կարգի»: Կամ էլ՝ դատաքննության հրապարակայնության անհրաժեշտության մասին անվերջ հիշեցվող ԲՈԼՈՐ դատավորները հանգիստ ընկալեն լրագրողի ներկայությունը. լրագրողն էլ իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում:

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 1-ին դահլիճում նկարագրածս փորձություններով իմ տառապանքները չեզրափակվեցին:

Այդ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Էդիկ Թամազյանի գործի քննությունը: Նախաքննական մարմինը Թամազյանին այնպիսի մեղադրանքներ է առաջադրել, որ ուղղակի փշաքաղվում ես նրան մեղսագրված արարքների մասին կարդալով:

Ըստ մեղադրանքի՝ 60-ամյա Էդիկ Թամազյանը 2011 թվականի փետրվարից համատեղ բնակվել էր ոմն Լուսիկի ու նրա անչափահաս դուստր՝ 1997 թվականի հունիսին ծնված Ս.-ի հետ: Փետրվարից մինչև մայիս Թամազյանը շահագործել էր անչափահաս աղջկան՝ նրան պարբերաբար ուղարկելով մուրացկանության, նրա ձեռքից վերցնելով հավաքած գումարները և ծախսելով իր հայեցողությամբ: Այնուհետև, 2011 թվականի մայիսյան մի օր Թամազյանը նույն անչափահաս աղջկան սեռական շահագործման ենթարկելու համար տարել էր Երևանյան լճի մոտակայք, չպարզված երիտասարդի հետ առանձնազրույց ունեցել, ապա առաջարկել էր աղջկան, որ նա գնա երիտասարդի հետ ու ենթարկվի նրա կամքին: Լավ է, որ աղջիկն աչքաբաց էր եղել, գլխի էր ընկել՝ ինչն ինչոց է, ու անմիջապես փախել էր: Սրանից բացի, մի քանի անգամ, երբ Թամազյանը տանը մենակ էր եղել անչափահասի հետ, նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ էր կատարել՝ շոյելով մարմինը:

Ահա այսպիսի ծանր մեղադրանքներով այսօր խոշտանգիչ արձագանք ունեցող ու խշշացող միկրոֆոններով հագեցած դատական դահլիճում որպես ամբաստանյալ՝ իմ դեմ հառնեց մի մարդ, որը խոսում էր գոռալով, անվերջ ասում էր նույն բանը, լավ չէր ընկալում հնչեցվող հարցերը, բայց անընդհատ կրկնում էր, թե երեք մեղադրանքներից ոչ մեկն էլ չի ընդունում, նման բաներ ինքը չի արել:

Ամբաստանյալի պահվածքն ու խոսքն այնպիսին էին, որ դահլիճում կատարվողը ոչ թե դատական նիստ, այլ շոու էր հիշեցնում: Նույն հարցը հնչեցնում էին տասը-տասներկու անգամ, ամբաստանյալն էլ իրենն էր ասում, իսկ նրա շահերի պաշտպանն էլ փորձում էր հայերենից հայերեն թարգմանել կատարվողը ու իր հերթին ոչ միշտ էր արժանանում ամբաստանյալի հավանությանը: Փորձագետ լինելու կարիք չկար՝ գլխի ընկնելու համար, որ այս մարդը ինչ-ինչ առողջական խնդիրներ ուներ, հարցականներ էին առաջանում:

Վերջապես ընդմիջում հայտարարվեց, միկրոֆոններն անջատվեցին, ու միջանցք դուրս եկած պաշտպան Ռ. Սաֆարյանին հարցրի՝ մեղսունակ ճանաչվա՞ծ էր ամբաստանյալը, գործի շրջանակներում դատահոգեբուժական փորձաքննություն անցկացվե՞լ էր, ի՞նչ եզրակացության էր հանգել մասնագետը: Սակայն, ի զարմանս ինձ, պաշտպանն ասաց, թե նախաքննության ժամանակ փորձաքննություն չի նշանակվել ու չի անցկացվել, ինքը՝ պաշտպանն էլ չի միջնորդել, որովհետև իր պաշտպանյալը հայտարարում է, թե լիակատար առողջ է, հոգեկան խնդիրներ չունի:

Հանրահայտ ճշմարտություն է, որ հատկապես հոգեկան խնդիրներ ունեցողներն են նման միանշանակ հայտարարություն անում, ձգտում առողջ ներկայանալ: Նախաքննության ընթացքում քննիչը մի քանի անգամ հարցրել էր մեղադրյալ Թամազյանի առողջական վիճակի մասին: Հարցրել էր… հենց մեղադրյալին: Եվ նա ամեն անգամ կտրականապես պատասխանել էր, թե լիակատար առողջ է, խնդիրներ չունի:

Միևնույն ժամանակ, այս «լիակատար առողջ մարդը» տարիներ առաջ ձիարշավարանում մասնակից է եղել ծեծկռտոցի, արդյունքում ստացել է գանգուղեղային վնասվածք ու ցմահ ճանաչվել է երկրորդ կարգի հաշմանդամ: Հաշմանդամության ճանաչման՝ մեր իրականության մեջ հայտնի մեխանիզմներով ցմահ հաշմանդամության կարգ երբեմն անդամահատված մարդուն չեն տալիս: Իսկ այս Թամազյանին, ով հազիվ թե գումար ծախսած լիներ՝ երկրորդ կարգ հանելու համար, վերցրել ու տվել էին ցմահ հաշմանդամության այդ կարգը: Այս մարդուն ստուգել պետք չէ՞ր՝ նախքան ծանր մեղադրանքների փունջն առաջադրելը, հետո էլ դատավարական կողմերով հավաքվելն ու մի հարցը հազար անգամ հնչեցնելով՝ ջանադրաբար պարզելը՝ անչափահասի նկատմամբ քստմնելի արարքներ գործե՞լ էր, թե՞ ոչ, եթե զրպարտում էին, ինչո՞ւ էին դա անում, ինչո՞ւ էր տուժող աղջիկը կրկնում մեղադրող ցուցմունքները, ինչո՞ւ, ինչո՞ւ… Թամազյանն ի վիճակի՞ էր հստակ հասկանալ ու հստակ պատասխաններ տալ:

Ես չեմ ուզում առայժմ անդրադառնալ գործի հանգամանքներին կամ Թամազյանի բերած հերքումներին կամ տուժողի մորն ու վկաներին՝ այն «կոնտիգենտին», որին այսօր չտեսա: Բայց մի բան էր բորբոքված Թամազյանն անվերջ կրկնում. ամբաստանյալի կարծիքով՝ անչափահաս աղջկան կռվախնձոր էին դարձրել նրա «Փարոսը», այսինքն՝ նպաստը ձեռք գցելու համար: Թամազյանը հպարտությամբ ասում էր, թե ինքը «Փարոս» էլ է ստանում, թոշակ էլ, դեռ մի 5-6 հազար դրամ էլ ձիարշավարանից են տալիս… Անփող չէր՝ կարճ ասած:

Այսօրվա նիստի ավարտին ամբաստանյալի շահերի պաշտպան Ռ. Սաֆարյանը երկու միջնորդություն արեց: Նախ՝ դատարան հրավիրել ու լրացուցիչ հարցեր տալ տուժողին ու նրա օրինական ներկայացուցչին՝ մորը: Այս միջնորդությունը դատարանը մերժեց՝ հիմնավորելով, որ նշված անձինք արդեն իսկ հարցաքննվել են, պաշտպանն իր միջնորդության մեջ չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հարցեր է ուզում առաջադրել տուժողին ու նրա մորը, դրա համար էլ նրանց ներկայությունը դատական հաջորդ նիստին ապահովելու կարիք չկա: Սակայն, պետք է նկատել, որ մեղադրանքը հիմնականում կառուցված է անչափահաս աղջկա ցուցմունքների, ենթադրությունների ու պատկերացումների վրա: Եվ խոսքը գնում է շատ ծանր մեղադրանքների մասին:

Երկրորդ միջնորդությունը պաշտպանը գրավոր չէր շարադրել: Այդ միջնորդությունը նա կներկայացնի հաջորդ դատական նիստին: Նա կփորձի հիմնավորել, որ իր պաշտպանյալի մեղսունակությունը ստուգելն անհրաժեշտ է՝ նրա հիվանդությունը, վարքը, խոսքը, ընկալման աստիճանը նկատի առնելով: Դատավարության մյուս կողմերը դեռ կարող են և համաձայն չլինել: Իսկ վերջնական որոշումը, իհարկե, դատարանինն է լինելու:

Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 13-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում