Հինգշաբթի Սաուդյան մայրաքաղաք Էր-Ռիյադում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով սաուդյան պետական հեռուստաալիքը:
Վիրավորների թիվը հասնում է 123-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհերի մասին:
Հիշեցնենք, այսօր գազ (այլ տվյալներով՝ նավթամթերք) տեղափոխող բեռնատարը բախվել է էստակադային, շրջվել և բռնկվել: Պայթյունի հետևանքով տասնյակ մետրեր շառավղով ամբողջությամբ կամ մասնակի շինություններ են փլուզվել: Տեղի ընկերություններից մեկին պատկանող շինություններից մեկը ամբողջության գետնին է հավասարվել, նրա աշխատակիցները համարվում են անհետ կորած:
Զոհերի հստակ թիվը հայտնի չէ: Ականատեսների խոսքերով՝ այն կարող է հասնել տասնյակների: Հաղորդվում է, որ պայթյունի պահին էստակադայով ավտոբուս է անցել, որն ամբողջովին այրվել է: Ավտոբուսում գտնվող մարդկանց ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:








































