Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որով արգելք է մտցրել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի անդամների ու շրջապատի ներկայացուցիչների՝ Ռուսաստանի տարածքում ֆինանսական գործարքներ իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Հրամանագրի համաձայն` ցուցակում տեղ են գտել Մուամար Քադաֆին, նրա որդիներ Հանիբալը, Խամիսը, դուստրը` Այիշան և այլք: Նրանց ունեցվածքի և հաշվեհամարների վրա, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, նույնպես արգելք է դրվել: Մեդվեդևը նաև արգելել է վերոնշյալ մարդկանց այցելել Ռուսաստան, հատել նրա սահմանը, Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ տեղափոխվել:
Եվ այս հրամանագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ Քադաֆին Ռուսաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի ընկերություններին հրավիրեց ներդրումներ կատարել երկրի նավթարդյունաբերական ոլորտում:
Ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահն այս քայլով փորձում է կանխել Քադաֆիի հայտարարությունների հետ կապված շահարկումները, որոնցով Ռուսաստանին կարող էին մեղադրել արևմտյան նավթային ընկերությունների տեղը զբաղեցնելու և ռեժիմին աջակցելու մեջ: