Իրանական Kalemeh կայքի փոխանցմամբ՝ Թեհրանի Էվին բանտում գտնվող 9 կին բանտարկյալ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բանտային հսկիչների կողմից ֆիզիկական զննման դեմ բողոքի:
Հացադուլի մասնակիցները պահանջում են, որ բանտային իշխանությունները չեղյալ հայտարարեն այդօրինակ ստուգումները, որոնք նրանք որակում են «վիրավորական»: Հացադուլավորները նաև պահանջում են տեղի ունեցածի համար ներողություն խնդրել իրենցից:
Իրանի մարդու իրավունքների փաստաբան Նասրին Սոտուդեհը նույնպես հացադուլ է հայտարարել՝ այդ կերպ բողոքելով բանտերում գտնվող քաղաքական ակտիվիստների բանտային պայմանների դեմ:
Ավելի վաղ Իրանի դատական համակարգի ղեկավար, այաթոլլահ Սադեգ Լարիջանին հայտարարել է, որ իրանական բանտերի պայմանները շատ ավելի լավն են, քան բազմաթիվ երկրների, որոնք պնդում են, թե իրենց մոտ լավ իրավիճակ է մարդու իրավունքների ոլորտում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի դատական իշխանությունները երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին արգելել էին մուտք գործել Էվինի բանտ:







































