Չորեքշաբթի Nasdaq-ում ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերն իջել են 600 դոլարից iOS մշակման ղեկավար Սքոթ Ֆորսթալի և ռիթեյլի փոխնախագահ Ջոն Բրոուեթի հեռացման մասին լուրերից հետո:
Չնայած Apple-ը հայտարարել էր կադրային փոփոխությունների մասին դեռևս երկուշաբթի, սակայն ֆոնդային շուկան արձագանքել է այս լուրին միայն չորեքշաբթի, քանի որ առաջատար ամերիկյան բորսաները, ներառյալ Nasdaq-ը, փակ են եղել երկուշաբթի և երեքշաբթի «Սենդի» փոթորկի պատճառով:
Nasdaq-ում ընկերության մեկ բաժնետոմսի գինը չորեքշաբթի կազմել է 595,32 դոլար 1 արժեթղթի համար, որը 1,44%-ով ցածր է նախորդ ուրբաթ օրվա ցուցանիշից:
Ընկերության արժեթղթերի գները շարունակել են նվազել էլեկտրոնային աճուրդներում Nasdaq-ի փակվելուց հետո՝ հասնելով նվազագույն մակարդակի՝ 588 դոլարի:
Երկուշաբթի օրը հայտարարված կադրային փոփոխություններն անակնկալ են եղել արևմտյան մի շարք ԶԼՄ-երի համար: Նշենք, որ iOS պլատֆորմի վրա աշխատում են ընկերության բջջային գաջետները, որոնց վաճառքը մեծ շահույթ է բերում Apple-ին: Իսկ ռիթեյլի ցանցը և առաջին հերթին Apple Store ֆիրմային խանութներն ընկերության երկրպագուների գնորդական փորձի կարևոր մասն են կազմում:








































