«Պարոն Սաֆարյան, ես Ձեզ հիմա հարց պետք է տամ, բայց չասեք, էլի, որ հարցը բյուջեի եկամուտների ժամանակ տամ: Ու ընդհանրապես՝ այս քննարկումը սխալ է կառուցված՝ նախ սկսում են բյուջեի եկամուտների քննարկումներից, հետո ծախսերի, որպեսզի եկամուտների հարցում բարիշենք, հետո ծախսերը բաժանենք»,- այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ բոլոր համայնքների բյուջեներում ծախսերը մոտ 100 մլրդ են, եկամուտները` 26 մլրդ դրամ, իսկ միջոցների 3/4-ը համայնքները ստանում են պետությունից, ու դա կոչվում է սուբվենցիա ու դոտացիա. «Դուք ո՞նց եք պատկերացնում տեղական ինքնակառավարումը, որը օրենքով հավաքում է իր միջոցների 1/4-ը: Ընդունված պրակտիկա է, որպեսզի տեղում հավաքվի, ու եթե ավելի է լինում, նոր փոխանցվի վերև, որ տեղական ինքնակառավարումը կայանա: Բոլոր փողերը բերում եք ֆինանսների նախարարություն, հետո ասում եք` կգաք կստանաք: Այստեղ տեղական ինքնակառավարման հոտ չկա»:
Գագիկ Մինասյանը հայտարարեց, թե Բագրատյանի հարցերը շատ կարևոր են, բայց այլ օրենսդրական նախաձեռնության քննարկման հարց են, և այդ հարցը այսօր լուծել հնարավոր չէ:
«Բացարձակապես համաձայն չեմ Ձեզ հետ»,- հակադարձեց Բագրատյանը՝ հավելելով, որ քննարկում են բյուջեն և օրենսդրական նախաձեռնությունները` բյուջեի հետ կապված:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պատասխանեց` կառավարությունը այդ ճանապարհով է գնում, որ ավելացնի ՏԻՄ-երի սեփական ֆինանսավորումը. «Ժամանակին տվեցին գույքահարկը, հողի հարկը տրվեց մարզպետարանին: Անուղղակի հարկերի մասով որևէ երկրում մարզպետարաններին չի հանձնվում՝ տեխնիկական անհնարինության պատճառով»:
Նա նշեց` եթե շահութահարկը թողնում են համայնքներին, դրա առյուծի բաժինը գալիս է Երևանին, ինչն արդարացի չէ, դրա համար համահարթեցման դոտացիա է կիրառվում, և այս մոդելը շատ նման է գերմանական մոդելին:








































