Ֆրանսիայի կառավարությունում Associated Press-ի աղբյուրը հոկտեմբերի 30-ին գաղտնիության պայմանով հայտնել է, որ այդ երկրի մասնագետները նոյեմբերին կմեկնեն պաղեստինյան Ռամալա քաղաք, որտեղ թաղված է Յասիր Արաֆաթը, և կփորձեն արտաշիրիմել նրան:
Ֆրանսիացիները մտադիր են ուսումնասիրել կենսաբանական նյութը, որպեսզի պարզեն պաղեստինյան առաջնորդի մահվան պատճառները:
Նման հետազոտության անցկացման պատճառ է հանդիսացել Ալ-Ջազիրա հեռուստաալիքի ռեպորտաժը, որտեղ առաջ էր քաշվում Արաֆաթի ռադիոակտիվ պոլոնիում-210-ով թունավորման գաղափարը: Մասնավորապես, ասվում էր, որ շվեյցարացի ռադիոլոգները Արաֆաթի անձնական իրերի վրա հայտնաբերել են վտանգավոր նյութի մնացորդներ:
Դրանից հետո պաղեստինյան իշխանությունները դիմել են Փարիզին` խնդրելով նրա մահվան վերաբերյալ նոր հետաքննություն անցկացնել: Այդ քայլին նրանց դրդել է նաև այն հանգամանքը, որ ֆրանսիական հիվանդանոցներից մեկում Արաֆաթին բուժող բժիշկներն այդպես էլ չեն կարողացել բացատրել պաղեստինյան առաջնորդի մահվան պատճառը:
Արտաշիրիմման կոնկրետ օրը չի նշվում: Պաղեստինյան իշխանությունների կողմից այս իրադարձության վերաբերյալ մեկնաբանություն դեռ չի եղել:










































