«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը նախօրեին երեկոյան վերադարձել է Դուբայից: Ուշագրավ է, որնախօրեիննաև հանդիպում է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի միջև: Գագիկ Ծառուկյանի ժամանումն ու դեսպան-Տեր-Պետրոսյան հանդիպումը ուղղակիորեն կապված չեն իրար, բայց անշուշտ այստեղ ընդհանուր եզրերը բավականաչափ շատ են՝ հատկապես նկատի ունենալով մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման հանգամանքը: Չի բացառվում, որ ամերիկյան կողմը «մաքոքային դիվանագիտություն» է փորձում կիրառել Կոնգրես-ԲՀԿ տիրույթում՝ այսպես ասած՝ միասնական թեկնածու ստանալու և այդպիսով Սերժ Սարգսյանի հանդիման մրցակցային մեկ բևեռ ձևավորելու համար:
Այստեղ հիմնական խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ նախագահի ընտրության գործընթացի մրցակցայնության միջավայրի ձևավորումը: Նման միջավայրի պարագայում գործընթացը կարող է դառնալ առավել արդյունավետ, քան այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը մի շնչով իրականացնի քարոզարշավը և հետո նաև ընտրական հայտնի մանիպուլյացիաների ու տեխնոլոգիաների շնորհիվ կստանա իր համար ցանկալի արդյունքը:
Արդյունավետության իմաստով այստեղ խնդիրն այն է, որ երբ կա մրցակցային բևեռ,և այդ բևեռը փորձում է հնարավորինս ինքնուրույն խաղալ, այդ դեպքում Սերժ Սարգսյանին հնարավոր կլինի մղել այնպիսի քայլերի, որոնք անհրաժեշտ են վերափոխումների գործընթացը հնարավորինս առարկայացնելու համար: Այսինքն՝ ԱՄՆ ցանկանում է ձևավորել նախագահական ընտրությունների մի գործընթաց, որն ինքնին կարող է փոփոխություններ բերել Հայաստանին հենց ընթացքում՝ ոչ միայն հնարավոր այս կամ այն արդյունքով: Սակայն այստեղ, անշուշտ, կա նաև մի փոքր ավելի լայն խնդիր, քան զուտ մրցակցությունը: Կարևոր է, որ այդ մրցակցության միջավայրը ձևավորվի հենց այն շահերի ու նպատակների շրջանակում, որ Հայաստանում հետապնդում է ամերիկյան քաղաքականությունը:
ԱՄՆ համար կարևոր է, որ մրցակցային բևեռները, հակադրվելով միմյանց, այդուհանդերձ, գտնվեն միևնույն քաղաքական հարթակի վրա, այսինքն՝ խաղան արևմտյան տիրույթում: ԱՄՆ ներկայումս ակնհայտորեն ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ՝ փորձելով աշխատել ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև«Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի հետ: Անկասկած, այդ խնդիրը լուծելը բավական բարդ է, առավել ևս, որ այստեղ, իհարկե, լուրջ դիմադրություն կլինի Ռուսաստանից: Բայց ԱՄՆ համար լուծումն այն չէ, որ ռուսական դաշտում խաղացող Կոնգրեսն ու ԲՀԿ-ն անցնեն, այսպես ասած, ամերիկյան դաշտ: Ամերիկյան քաղաքականությունն, իհարկե, նման պարզունակ տեխնոլոգիաների հիմքով չէ:
Այս պարագայում խոսքը ոչ թե անցման մասին է, այլ պարզապես տվյալ ուժերի հետ առարկայական քաղաքական նախագծերի քննարկման՝ որպես այլընտրանք ռուսական դիրեկտիվներին, առավել ևս՝ երբ դրանց հեռանկարները Կոնգրեսի ու ԲՀԿ-ի համար դառնում են ավելի ու ավելի փակուղային և վտանգավոր:








































