ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի կառավարական զորքերին և գրոհայինների ուժերին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի չափանիշները` դադարեցնելով, որպես հարձակումների և ռմբակոծությունների թիրախ դարձնել քաղաքների բնակելի թաղամասերը և քաղաքացիական օբյեկտները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Տարածված հայտարարությունում գլխավոր քարտուղարն ամենավճռական կերպով դատապարտել է ապրիլի 28-ին Հոմսի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը և դրա մերձակայքի, ինչպես նաև Դամասկոսի բնակելի թաղամասերի ռմբակոծությունները:
«Այդ վրդովեցուցիչ գործողությունները ահաբեկչության ակտ են ընդդեմ անմեղ քաղաքացիների: Գլխավոր քարտուղարն այդ սարսափելի համակարտության կողմերին կոչ է անում կատարել իրենց պարտականությունները գեթ մարդասիրական իրավունքի շրջանակներում և դադարեցնել իրենց հարձակումների, այդ թվում`օդային ռմբակոծությունների համար թիրախ ընտրել բնակելի շրջանները»,- ընդգծվում է հայտարարությունում:








































