ԵվրԱզԷսի հակաճգնաժամային հիմնադրամը կարող է սառեցնել Բելառուսին տրամադրած 3 մլրդ դոլարի վարկը: Այդ մասին հայտարարել է հանրապետության Ազգային բանկի ներկայացուցիչ Նադեժդա Երմակովան: ԵվրԱզԷսի վարկը Բելառուսին անհրաժեշտ է, այդ թվում ինֆլյացիայի դեմ պայքարելու համար, որը, համաձայն կանխատեսումների՝ կարող է կազմել 22 %։
Ազգային բանկի ղեկավարության խոսքերով` հիմնադրամը դժգոհ է երկրում մասնավորեցման ծրագրի իրականացումից, իսկ դա ֆինանսավորման պարտադիր պայմաննրից մեկն է: Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների չափը կազմել է ընդամենը 26 %: Միայն ռուսական «Ինտերա» ընկերության փակումը Բելառուսի տնտեսությանը զրկել է 6 մլրդ դոլարի ներդրումներից: Ներդրողը խնդրել է վերանայել ժամկետները և ծրագրի չափերը՝ կապված անշարժ գույքի պահանջարկի նվազման հետ, սակայն իշխանությունները խզել են հարաբերությունները:
Ավելի վաղ Բելառուսը լքել էին Skoda-ն և Ford-ը, լիտվական UBIG-ը, կահույքի IKEA–ն և ռուսական Danone ու «Բալտիկա» ընկերությունները: Վերջիններիս հեռանալուց հետո երկիր նոր ընկերություններ ու ներդրողներ չեն եկել:











































