Իրաքում այսօր մեկնարկում են խորհրդարանական ընտրությունները: Այսօր քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր՝ իրենց ձայնը տալու Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի) պատգամավորների թեկնածուներին: 2011-ի դեկտեմբերին ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո սրանք երկրում առաջին խորհրդարանական ընտրություններն են: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ընդհանուր առմամբ երկրում կբացվեն ավելի քան 48 հազար ընտրատեղամասեր: Երկրում ընտրելու իրավունք ունի 20 մլն մարդ:
Իրաքի անկախ բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գրանցված են 276 կուսակցությունների ու կազմակերպությունների 9039 թեկնածուներ, ինչպես նաև կան ինքնաառաջադրվածներ: 18 նահանգներից 320 պատգամավորներ կընտրվեն համամասնական ընտրակարգով, ևս 8 տեղ կհատկացվի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, 5 տեղ բաժին կընկնի քրիստոնյաներին:
Չնայած բնակչության ու հակառակորնդերի կողմից քննադատության ալիքին՝ մրցապայքարի գլխավոր ֆավորիտներից է համարվում «Օրենքի պետություն» կոալիցիան, որը գլխավորում է վարչապետ Նուրի Ալ-Մալիկին:
Հիմնական պայքարը կծավալվի ոչ այնքան կուսակցությունների, որքան էթնիկ և կրոնական խմբերի միջև, իսկ ավելի կոնկրետ՝ սունիների, շիաների ու քրդերի: Շիաները ներկայացված են «Օրենքի պետությունում»:












































