Հայաստանի տնտեսությունում ստվերը կազմում է 30-35 տոկոս. այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցադրմանը, թե ի վերջո` որքան է ստվերը:
Ըստ նրա` այդ ցուցանիշը հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ուսումնասիրության արդյունքներով: Գաբրիելյանի խոսքով` սոցոլորտում ծախսերը կարողացել են էապես հասցեականացնել, արդյունքում ունեն 7-8 միլիարդ դրամի խնայողություններ, որոնք ուղղել են այլ սոցիալական նպատակների:
Ռուբեն Հակոբյանը արձագանքեց` ասելով, որ Սերժ Սարգսյանի այցերով է պայմանավորված, թե որ ոլորտում ինչ բացահայտումներ կարվեն: «Թերագնահատում եք կառավարության և ԱԺ-ի դերը կոռուպցիայի բացահայտման գործում»,-հակադարձեց Գաբրիելյանը՝ մատնանշելով Վերահսկիչ պալատի և վերահսկողական այլ ծառայությունների բացահայտումները:
Լուսանկար՝ PanARMENIAN Photo-ի









































